Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն այս օրերին հետաքրքիր մարտավարություն են մշակել՝ շատ չխոսել, մեկնաբանություններից զերծ մնալ, տարածել միայն խիստ չեզոք, անվնաս հայտարարություններ:
Ամենահետաքրքիր հայտարարությունը, թերևս, ՀՅԴ-ինն էր. «ո՛չ նալին, ո՛չ մեխին» սկզբունքով քաղաքական այս ուժը մեղադրյալի «սյունին» գամեց «ամենաանշառ» կողմին՝ հայ հասարակությանը, թե ինչու կաշառվեց ու ազատ ընտրություն չկատարեց: Հասկանալի է, որ դաշնակցականները պիտի ցույց տային իրենց ընդդիմադիր կեցվածքը, բայց ո՛չ իրենց խորհրդարան բերած իշխանության վրա ցեխ շպրտելով: «Քաղաքական ուժերը, այդ թվում նաև` ՀՅԴ-ն, դեռ չեն կարողացել մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն արմատավորել»,- ասում են «հին» ընկերները: Համարյա թե՝ ո՞ւմ վրա ես ջղայնացել, Ավագ քեռի: Աշխարհի՛:
Մեր տեղեկություններով` դաշնակները, նախնական պայմանավորվածության համաձայն, իշխանություններից ստացել են իրենց «հասանելիքը» ու դժգոհելու տեղ չունեն: Մնում է միայն ձևական կողմն ապահովել: Այլ խոսքով` ընդդիմադիր կեցվածքը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ